Մեր մասին

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը հիմնադրվել է 1974 թ հոկտեմբերին ԽՍՀՄ Առողջապահության նախարարության հրամանով: Ինստիտուտը այսօր Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկն է։ 
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը իրագործում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն:
1974թ. տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Ալեքսանդր Լևի Միքայելյանը, ով հսկայական ներդրում կատարեց Հայաստանում սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում: 1992թ. հոկտեմբերից ինստիտուտի ղեկավար դարձավ պրոֆեսոր Համլետ Սերգեի Թամազյանը: 2001թ. ապրիլին պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանը ընտրվեց ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ նախագահ: 2011թ. ընկերության նախագահն է Արթուր Համլետի Թամազյանը:
Վիրաբուժության ինստիտուտն այսօր բազմապրոֆիլ կենտրոն է` 10 կլինիկական բաժանմունքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշման բաժանմունքով:
Գիտական և գործնական հետաքրքրությունների շրջանակները չափազանց լայն են` սկսած կերակրափողի վերականգնողական վիրահատական միջամտություններից մինչև օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում:
Ինստիտուտում հրատարակվում է Հ.Ս.  ԹԱՄԱԶՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԼՐԱԲԵՐ եռամսյա գիտա-բժշկական ամսագիրը, որտեղ տպագրվում են Հայաստանի և արտերկրի մասնագետների աշխատանքները:
 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵՎԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (1928-1991ԹԹ.)
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների Ակադեմիայի (ԲԳԱ) վիրաբուժության Համամիութենական գիտական կենտրոնի (ՎՀԳԿ) Երևանյան մասնաճյուղի հիմնադիր և տնօրեն, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Լ. Միքայելյանը Հայաստանում սիրտանոթային վիրաբուժության, փոխպատվաստման մասին գիտության և դրան հարակից ճյուղերի անզգայացման (անեսթեզիոլոգիա), վերակենդանացման, արյան արհեստական շրջանառության, միկրովիրաբուժության, գրավիտացիոն վիրաբուժության, ծրագրային հեմոդիալիզի հիմնադիրն է, ով վիրաբուժության մեջ տվեց նոր գիտահետազոտական ուղղություն` «Արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը և օրգանների գործունեությունը վերականգնողական վիրահատությունների ժամանակ»: Ա.Լ. Միքայելյանի բազմաթիվ աշխատանքները լուսաբանում են սիրտանոթային համակարգի ախտաբանական ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և ախտակառուցվածքային (պաթոմորֆոլոգիական) կարևորագույն հարցեր: Այդ բնագավառում կլինիկական և փորձարարական հետազոտություններն ուղղված էին հարմարողական համակարգերի փոխհատուցման մեխանիզմների պարզաբանմանը, ինչպես նաև սրտամկանում կառուցվածքափոխանակային փոփոխությունների ծանրության աստիճանին: Այդ ամենը հնարավորություն տվեցին Ա.Լ. Միքայելյանին կարևորագույն եզրահանգումներ անելու սրտի և սրտամկանի անբավարարության խնդրի վերաբերյալ:
 
Համլետ Սերգեյի Թամազյան (1947-2011 թթ.)
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նախագահ, բժշկական գիտություննրի դոկտոր, պրոֆեսոր Հայաստանի վիրաբույժների Միության համանախագահ, Հայաստանի փոխպատվաստաբանների Միության նախագահ, Մ. Հերացու անվ. Երևանի Պետական բժշկական համալսարանի վիրաբուժական մասնագիտական Գիտական խորհրդի անդամ, Ֆրանսիայի Հայ բժիշկների Միության անդամ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի բժշկական հանձնախողովի անդամ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահ, «Հովհաննես Թումանյան» բարեգործական ընկերության համանախագահ, Ալավերդի քաղաքի պատվավոր քաղաքացի: Հ.Ս. Թամազյանը գլխավորել է ինստիտուտը 1992թ.-ից և կոչել իր ուսուցիչ Ա.Լ. Միքայելյանի անվամբ: Նոր ղեկավարին հաջողվեց բարդ իրավիճակներում ոչ միայն պահպանել ինստիտուտը, այլ նաև հմտորեն վերափոխել նրա կառուցվածքը, հարստացնել նյութական բազան, ձևավորել մարդկանց առողջության պահպանման կենսական կարևոր նոր վիրաբուժական բաժանմունքներ: Ինստիտուտին կից բացվում է «Ապագա վիրաբույժների դպրոց», որտեղ ըստ հարցման ընդունվում էին Մ. Հերացու անվ. Երևանի Պետական բժշկական համալսարանի IV-VI կուրսերի շնորհալի ուսանողները: Մասնագետների արհեստավարժության մակարդակը բարձրացնելու նպատակով պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանը հիմնում է «Վիրաբույժ» թերթը և «Հայաստանի վիրաբուժության տեղեկագիր (լրաբեր)» ամսագիրը` դառնալով գլխավոր խմբագիր:
 
Ինստիտուտում գործում են ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի 4 ամբիոններ` նեղ վիրաբուժական մասնագիտությունների (ընդհանուր վիրաբուժություն, սրտանոթային վիրաբուժություն), ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, որտեղ ուսանում են կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև իրականացվում է վիրաբուժական ոլորտի միջին բուժանձնակազմի և բժիշկների վերապատրաստում (ստաժավորում): Ինստիտուտի բազմաթիվ պրոֆեսորներ դասավանդում են Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ամբիոններում:
 
1992թ. ինստիտուտին կից բացվեց ԱՊԱԳԱ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԴՊՐՈՑ` Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի IV-VI կուրսերի շնորհալի ուսանողներից երիտասարդ վիրաբույժների նոր սերունդ պատրաստելու նպատակով:
Ինստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ երկրներում և հեռավոր արտերկրում կազմակերպվող վիրաբուժական ֆորումների աշխատանքներին: ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը համագործակցում է հետևյալ միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ.
  • UMAF
  • Բոժոնի հիվանդանոց(Փարիզ)
  • Վեստչեստեր ԲԿ (ԱՄՆ)
  • Իմունաբանության Դաշնային ինստիտուտ (Մոսկվա)
  • Շարիտե բժշկական կենտրոն (Բեռլին)
  • Կ.Դ. Էրիստավիի անվ. փորձ. և կլին. վիրաբուժության ինստիտուտ (Վրաստան)
  • ՌԲԳԱ ՎՌԳԿ
  • Թբիլիսյան Բժշկական Ակադեմիա ՈՒԳԿ (Վրաստան)
  • ՌԴ ԲԳԱ Բակուլևի անվ. սրտանոթային վիրաբուժության ինստիտուտ (Մոսկվա)