Լյարդի ներդռներակային ներարկում. ներկայացնում է լյարդաբան-վիրաբույժ Սերգեյ Հակոբյանը

Պորտային երակով դեղամիջոցների ներմուծումը լյարդ նախկինում, ամբողջ աշխարհում հանդիսացել է այլընտրանքային մեթոդ լյարդի դիֆուզ և օջախային հիվանդությունների բուժման համար:
Այդ նպատակով օգտագործվել է պորտային երակի կատետրիզացիան, որի միջոցով դեղամիջոցները ներմուծվել են անմիջապես լյարդ, որն էլ նշանակալիորեն բարելավել է լյարդի ֆունկցիոնալ վիճակը: Պորտային երակով լյարդ ներմուծված դեղամիջոցները լյարդի պարենխիմա են հասցվում անփոփոխ  եղանակով և բավական բարձր կոնցենտրացիայով:
 
Անմիջապես լյարդ ներմուծված դեղամիջոցները ավելի ակտիվ են կապում տոքսինները լյարդի պարենխիմայի մակարդակով, իսկ սննդային բաղադրատարրերի ներմուծումը լավացնում է հեպատոցիտների ֆունկցիոնալ վիճակը:
Բուժման այս մեթոդը հնարավորություն է տալիս լավ արդյունքներ ստանալքրոնիկ հեպատիտների դեպքում, լյարդի ցիռոզով հիվանդների մոտ, իսկ որոշ դեպքերում էլ՝ լյարդի ուռուցքով հիվանդների մոտ, անցկացնելով ներլյարդային քիմիաթերապիայի կուրսեր: 
 
Երկար տարիներ պորտային երակի կատետրիզացիան իրականացվել է կատետերի ծայրը մաշկի վրա հանելու միջոցով: Նշված մեթոդը համեմատաբար անվտանգ է ու պարզ, սակայն ունի էական թերություններ. մաշկի վրա դուրս հանված կատետրը կարող է օգտագործվել միանվագ՝ մեկ ամսվա ընթացքում, որից հետո կատետրը հեռացվում է: Սակայն քրոնիկ հեպատիտը, լյարդի ցիռոզը և չարորակ ուռուցքները պահանջում են երկարատև բուժում՝ կազմված մի քանի կուրսից:
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել փոխել իրավիճակը:
 
Ամենօրյա գործունեության մեջ մտցվել են փակ կոնտուրով կատետրերը, որոնք հնարավորություն են տալիս թողնել կատետրը ավելի երկար ժամանակահատվածով, իսկ կատետրի պերիֆերիկ ծայրը, հատուկ բալոնի օգնությամբ, թողնել մաշկի տակ, ինչը խիստ կարևոր է ասեպտիկայի կանոնների պահպանման համար:

Նշված մեթոդի օգտագործումը ենթադրում է ոչ մեծ ծավալի վիրահատական միջամտություն, հաճախ, տեղային անզգայացմամբ պորտային երակի բուժավորումը և կատետրիզացիան ռենտգեն վիրահատարանում, որը հնարավորություն է տալիս իրականացնել ռենտգենոլոգիական վերահսկողություն կատետրերի ներմուծման մակարդակի նկատմամբ:
 
Մեթոդը չի պահանջում հիվանդի՝ ստացիոնար պայմաններում երկար ժամանակ մնալը, իսկ դեղամիջոցների ներդռներակային ներմուծման հաջորդական կուրսերն իրականացվում են ամբուլատոր պայմաններում:
 
Նշված մեթոդի կիրառումը բավականաչափ երկար ժամանակ մեզ հնարավորություն է տալիս վստահաբար հաստատել, որ դռներակային ներմուծումը նշանակալիորեն լավացնում է հիվանդների վիճակը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հանդիսանում է բուժման միակ հնարավոր մեթոդ:
 
 

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի» բաժանմունքի վարիչ
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am