Օրթոպեդիայի բաժանմունքը ներկայացնում է Արթուր Մամբրեյանը

Ի՞նչ ծառայություններ են մատուցվում օրթոպեդիայի բաժանմունքում: Ի՞նչ խնդիրների հետ եք հաճախ գործ ունենում:
 
Վնասվածքաբանության բաժանմունքում աշխատում են օրթոպեդ վնասվածքաբան, վերին վերջույթի վիրաբուժության մասնագետ: Կարծում եմ, որ երկու մասնագետների համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը:
Գործ ենք ունենում տարբեր մակարդակի և բնույթի խնդիրների հետ, որոնք պահանջում են հիմնականում վիրահատական, երբեմն նաև կոնսերվատիվ բուժում:
Օրթոպեդիայի ոլորտում բավական ամուր հիմքերի վրա է դրված արտաօջախային օստեոոսինթեզը՝ արտաքին ֆիքսման սարքերի օգտագործմամբ, մասնավորապես Իլիզարովի ապարատը, որի ներկայացուցիչը Հայաստանում մեր բաժանմունքի վարիչ Սեյրան Սարոյանն է, ով եղել է հենց պրոֆեսոր Իլիզարովի աշակերտը:
Բաժանմունքի երկրորդ ուղղվածությունը՝ միկրովիրաբուժությունը և ձեռքի վիրաբուժությունն է:
 
                            
Իլիզարովի մեթոդն ամբողջ աշխարհում ընդունված է որպես օրթոպեդիկ վիրաբուժության խոշոր բացահայտումներից մեկը, սա իսկապես մեծ ձեռքբերում է:
 
Այո,սա բավական բարդ տեխնոլոգիա է, որը տալիս է շատ լավ արդյունք:
 
Գիտենք, որ դեկտեմբեր ամսին բաժանմունքը հյուրընկալեց  ֆրանսահայ օրթոպեդի: Մանրամասնե՛ք, խնդրեմ, ի՞նչ վիրահատություններ  իրականացրեց բժիշկը Հայաստանում:
 
Այս տարվա դեկտեմբերի կեսին ունեցանք հյուրեր Ֆրասիայից, մասնավորապես օրթոպեդ Զավեն Գաբրիելյանը, ով մասնագիտացված է հատկապես հոդերի վիրահատական բուժման, պրոթեզավորման ոլորտում: 
Իրականացվեցին կոնսուլտացիաներ մեծ հոդերի խնդիրներ, օստեոարթրոզներ, հոդերի ցավեր, դեֆորմացիաներ ունեցող մարդկանց հետ:
Սա անչափ ուրախալի փաստ է մեզ համար, որ այս ոլորտի բժշկական նորագույն տեխնոլոգիաներն օգտագործվում են Հայաստանում և հենց մեր ինստիտուտի պատերի ներքո:
Մասնագետն իրականացրեց ինչպես խորհրդատվություն, այնպես էլ, անհրաժեշտության, ցուցման դեպքում  վիրահատական բուժում: 
                             
Ո՞ր խնդիրներով դիմելիությունն է գերակշռում:
 
Շատ հաճախ դիմում են կոտրվածքներով, հետվնասվածքային բարդություններով, փափուկ հյուսվածքների տարբեր խնդիրներով, հենաշարժողական համակարգի տարբեր բնույթի՝ և՛ վնասվածքային , և՛ բնածին հիվանդություններով:
 
Բաժանմունքը որքանո՞վ է համապատասխանում միջազգային չափանիշներին: Իրականացնու՞մ եք բարդ վիրահատություններ:
 
Վստահորեն կարող եմ ասել, որ օրթոպեդիայի բաժանմունքում կատարվող բոլոր բուժական գործողությունները համապատասխանում են միջազգային մակարդակին և որոշ դեպքերում, նույնիսկ ավելին: Կարող եմ առանձնացնել հատկապես արտաօջախային օստեոսինթեզը՝ արտաքին ֆիքսման սարքերի օգնությամբ բոլոր վիրահատությունները, հոդերի էնդոպրոթեզավորումը, վերին վերջույթի ախտաբանական փոփոխությունների վերականգնողական վիրահատությունները և այլն…
Մեզ մոտ իրականացվում են բոլոր վերականգնողական և վերակառուցողական վիրահատությունները, որոնք իրականացվում են ամբողջ աշխարհում: Ժամանակ առ ժամանակ մասնակցում ենք նաև միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների:
 
Շատ բժիշկներ նշում են, որ վիրահատությունների բարձր մակարդակը պայմանավորված է հայ բժիշկների մասնագիտական հմտություններով, գիտելիքներով, և ցավոք, ոչ տեխնիկական հագեցվածությամբ… Ի՞նչ կասեք Դուք:
 
Սա միանշանակ ճիշտ պնդում է: Սակայն հուսանք,  որ ժամանակի ընթացքում տեխնիկայի բացը կլրացվի, կաբինետները կհամալրվեն միջազգային նորագույն սարքավորումներով: Ի դեպ, այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են:
 
Հնարավո՞ր է արդյոք խուսափել օրթոպեդիկ որոշ խնդիրներից, ճիշտ կազմակերպելով կենսակերպը:
 
Իհարկե, կարելի է: Կան որոշ հիվանդություններ, որ կապված են մեր ազգային ինչ-ինչ սովորությունների, ապրելակերպի հետ՝ ստորին վերջույթների արթրոզներ, մեծ հոդերի վնասվածքներ… Այս խնդիրների առաջացման հիմնական պատճառը նստած կենսակերպն է, շատակերությունը… Պետք է ճիշտ կազմակերպել դիսպանսեր հսկողությունը, վարել առողջ կեսակերպ, գրագետ սնվել:
Բոլորին մաղթում եմ առողջություն և խորհուրդ եմ տալիս լինել հետևողական նույնիսկ փոքր թվացող խնդրի նկատմամբ: