Ամառ և պլաստիկ վիրահատություններ

Ամառ և պլաստիկ վիրահատություններ: Արդյո՞ք պլաստիկ վիրաբուժությունն ունի սեզոնայնություն: Լիպոսակցիա…

Թեման մանրամասնում է պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար  Հայկ Ենոքյանը:

Արդեն ամառ է, և մարդիկ շտապում են հանգստի: Շատերը ցանկանում են շտկել մարմնի որոշ  թերությունները՝ կատարյալ տեսքի համար: Բժիշկ, կարծրատիպ կա, որ ամռանը ցանկալի չէ դիմել պլաստիկ վիրահատությունների: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

Այո, կա նման կարծիք, սակայն, ելնելով իմ փորձից՝  կարծում եմ ուղիղ հակառակը: Ամռան շրջանում այցելուների թիվը զգալիորեն մեծանում է: Սա ունի շատ պարզ բացատրություն՝ արձակուրդներ: Վիրահատության դիմելու գործընթացը ժամանակ է պահանջում՝ որոշում կայացնել, դիմել, վիրահատվել, հետվիրահատական ընթացք և այլն: Այսինքն, մարդուն պետք է բավարար ժամանակ այս ամենի համար: Նույն պատճառաբանությամբ, վիրահատության դիմել ցանկացողների թիվն աճում է նաև ձմռանը՝ նույնպես պայմանավորված արձակուրդով: Մարդիկ ցանկանում են նոր տարին դիմավորել նոր արտաքինով: Թեև , կարող եմ ասել, որ ամբողջ տարի այցելուների ՛՛պակաս՛՛ չի լինում, և պլաստիկ վիրաբուժությունը սեզոնայնություն չունի: Սակայն ես, որպես մասնագետ, խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում պլաստիկ վիրահատության դիմել տարվա ոչ պիկ ցուրտ և շոգ եղանակներին: Օրինակ քթի վիրահատության ժամանակ կիրառվող վիրախծուծները (тампон) բավական տհաճ են շոգին:

Իսկ պահանջները տարբե՞ր են՝ պայմանավորված եղանակով: Օրինակ՝ ամռանը ավելի հաճա՞խ են դիմում կազմվածքի շտկումների համար՝ լիպոսակցիաներ, կուրծք և այլն:

Մեր այցելուները հեռատես են և կազմվածքը շտկում են նախապես՝ մինչև լողափեր գնալը և հանգիստը վայելելը (ժպտում է):

Ձեզ մոտ ո՞ր վիրահատություններն են գերակշռում:

Շրջանակը շատ մեծ է՝ թքի, կրծքագեղձի, ոտքերի շրթունքների, մաշկի պլաստիկա, լիպոսակցիաներ… Սակայն , իհարկե, կան նաև վիրահատություններ, որոնց մասին չի բարձրաձայնվում: Դրանք ինտիմ վիրահատական միջամտություններն են:

Մարդը ի՞նչ ակնկալիքներով է դիմում պլաստիկ վիրաբույժին: Կա՞ն դիմողներ հրաշքի սպասումով: Ճշմարի՞տ է նոր տեսք, նոր կյանք արտահայտությունը:

Դեպքեր են պատահել նույնիսկ, որ մայրը եկել է անչափահաս դստեր հետ, որպեսզի ապագա փեսացուն նրան տեսնի առանց տվյալ թերության: Կան նաև կրծքագեղձի պլաստիկ վիրահատության համար դիմող կանայք, ում հարկ է լինում բացատրել, որ դեռևս ծննդաբերած, կրծքով կերակրած չլինելու դեպքում, վիրահատությունից հետո կրծքի ձևը փոփոխվելու է: Թեև կրծքագեղձերի խիստ անհամաչափության դեպքում վիրահատությունը կարող է ցուցվել նաև ավելի վաղ տարիքում, քանի որ սա բավական լուրջ հոգեբանական խնդիր է մարդու համար:

Շատ կարևոր է, որ մարդու ակնկալիքները վիրահատությունից լինեն իրատեսական: Նաև բժշկի մասնագիտական որակները չպետք է թույլ տան վիրհատել ամեն դիմողի: Ասում են ՝ վիրահատելով վաստակում ես գումար, չվիրահատելով՝ հեղինակություն:

Վերջին տարիներին բավական  հաճախ են դիմում կրծքագեղձի պլաստիկայի: Սա նշանակում է որ խնդիրնե՞րն են ավելացել, թե՞

Այո, ճիշտ եք նկատում: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին բավական շատ են այս հարցով դիմողները: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ վերջին տարիներին թեման շատ է լուսաբանվել, և մարդկանց իրազեկության մակարդակն է բարձրացել: Եթե համեմատենք, 25 տարի առաջ քթի պլաստիկան ևս հազվադեպ երևույթ էր մեր երկրում:

Դա այսօրվա դեռևս ամենաակտուալ վիրահատությու՞նն է:

Այո: Այսօր բում է քթի պլաստիկ վիրահատությունների: Դիմում են նույնիսկ մարդիկ, ովքեր ակնհայտ խնդիր չունեն: Որպես բժիշկ, իհարկե, փորձում եմ հետ պահել որոշումից, երբ այն անմիտ է: Իրազեկության մակարդակն այսօր անհամեմատ ավելի բարձր է: Եթե նախկինում լուսանկարով կարող էին գալ և ասել, որ հենց այդ քթից են ուզում, այսօր այցելուն վստահում է բժշկի մասնագիտական կարողություններին, և սա բավական հեշտացնում է աշխատանքը: Սա ուրախալի փաստ է, և նման դեպքերում արդյունքն իրապես գոհացնում է երկու կողմին էլ: Եթե պացիենտն իրեն պատկերացնում է մտացածին արտաքինով, դժվար է լինում բացատրելը, որ դա նպատակահարմար չէ:

Եթե մեզ մոտ ամենաարդիականը քթի պլաստիկ վիրաբուժությունն է, ապա աշխարհում վերջին տարիներին բավական ակտուալ է լիպոսակցիան: Մանրամասնեք, խնդրում եմ, ի՞նչ է իրենից ներկայացնում վիրահատական այս միջամտությունը: Արդյո՞ք այն պահանջված է նաև մեր երկրում:

Լիպոսակցիան բավական երկար պատմություն ունեցող պլաստիկ միջամտություն է: Տարիների ընթացքում այն ձեռք է բերել նաև կիրառման նոր ուղղություններ, եղանակներ: Բացի այն, որ հեռացվում է ճարպը, այն վերամշակվելով տեղադրվում է այլ հատվածում: Այսինքն, լիպոսակցիան կարող է դիտվել նաև որպես լիպոֆիլինգ, լիպոսկուլպտուրա, ցողունային բջիջների կիրառում:

Լիպոսակցիայի իրականացման նպատակը ավելորդ ճարպի հեռացումն է: Սա, ի տարբերություն բաց վիրահատությունների, առավել կարելի է համեմատել էնդոսկոպիկ վիրահատությունների հետ: Փոքր կտրվածքով, հատուկ սարքերի միջոցով կատարվում է ճարպի արտածծում: 5-6 մմ կտրվածքը լիովին բավարար է, որ այդ խողովակն աշխատի:

Կիրառվող սարքավորումները բազմազան են: Անձամբ ես կիրառում եմ գերմանական արտադրության Lipomatic 2 սարքը, որը բացի ճարպի արտածծումը, վիբրացիայի միջոցով  կատարում է նաև ճարպի տրոհում: Ճարպն ասոցացվում է փափկության հետ, սակայն իրականում այն բավական դճվար արտածծվող հյուսվածք է, և միայն վակուումը բավարար չէ:

Լիպոսակցիայի իրականացման մի քանի մոտեցումներ, մեթոդներ կան: Ո՞րն է ըստ Ձեզ առավել անվտանգ: Ի՞նչ մեթոդով եք աշխատում ինքներդ:

Այո, կան մի քանի մեթոդներ՝ ուլտրաձայնային, լազերային և այլն: Փարիզում կայացած միջազգային կոնգրեսի ժամանակ փորձվել է այս վիրահատության մեթոդների չափանիչներ, ընդհանուր ստանդարտներ ստեղծվել և ռիսկայնության մակարդակն իջեցնել: Աշխատում ենք վիրահատության ռիսկը հասցնել նվազագույնի:

Արդյո՞ք լիպոսակցիան նիհարելու միջոց է:

Սա ո՛չ երբեք նիհարելու միջոց է: Նիհարելու համար պետք է հետևել ճիշտ  դիետաների, պահպանել ֆիզիկական ակտիվություն… Լիպոսակցիան ձևի փոփոխման նպատակ ունի, կոնտուրային, ուրվագծային պլաստիկա է:

Մարմնի ո՞ր հատվածների համար կարելի է դիմել լիպոսակցիայի:

Ամենից հաճախ դիմում են որովայնի առաջնային հատվածի լիպոսակցիայի համար, հետծննդաբերական խնդիրների լուծման, ազդրերի, կոնքի շրջանում ճարպի հեռացման համար, երբեմն նաև ձեռքերի, իրանի կողմնային մակերեսի, պարանոցի շրջանում  լիպոսակցիայի համար: Հաճախ լիպոսակցիան համակցում ենք այլ վիրահատությունների հետ:

Ինչպիսի՞ն է այս վիրահատության հետվիրահատական խնամքը: Որո՞նք են հավանական բարդությունները:

Սկզբնական հետվիրահատական խնամքը տարվում է հիվանդանոցային պայմաններում: Հետո արդեն հիվանդին տրվում են մանրամասն ցուցումներ, որոնց հետևելու դեպքում բարդությունների առաջացման հավանականությունը փոքր է: Օրինակ այս դեպքում կա հետվիրահատական կրման համար նախատեսված հատուկ ներքնազգեստ, որն ապահովում է հյուսվածքների օպտիմալ վերականգնումը: Ասեմ, որ վիրահատության արդյունքը մեծամասամբ  կախված է նաև հետվիրահատական ճիշտ խնամքից:

 
 

Դուք բացի պլաստիկ վիրաբույժ լինելը նաև դիմածնոտային վիրաբույժ եք: Ինչպե՞ս են համակցվում այս երկու մասնագիտացումները:

Դիմածնոտային վիրաբույժի մասնագիտությունն ինձ առավել մեծ հնարավորություն է տալիս ձևախախտումները շտկելու: Ապացուցված փաստ է, որ աշխատելով միայն փափուկ հյուսվածքների հետ, գերազանց արդյունք ակնկալելը սխալ է, այս դեպքում կարիք է լինում շտկելու  հենց ոսկորը: Ատամնային իմպլանտացիան ևս համարվում է դիմածնոտային վիրաբույժի աշխատանքը, թեև վերջին տարիներին սրանով հաճախ զբաղվում են ստոմատոլոգները:

Վիրահատությունը կատարվում է ստոմատոլոգի հետ համատե՞ղ:

Մենք կատարում ենք ոսկրային հյուսվածքի միջամտությունը, ապա ստոմատոլոգն իրականացնում է պրոթեզավորում, ատամնաշարի վերականգնում:

Իմ բոլոր այցելուներին մաղթում եմ լիարժեքության զգացողություն, գեղեցիկ ժպիտ և գեղեցիկը ամենուր: