Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքը ներկայացնում է բաժանմունքի վարիչ Գարիկ Սարգսյանը

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի գործունեության և անոթային խնդիրների մասին Doctors.am-ի հետ զրույցում մանրամասնում է բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Գարիկ Սարգսյանը:

Ի՞նչ գործունեություն է ծավալում սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքը:  Ի՞նչ խնդիրների լուծմամբ եք զբաղվում:

Բաժանմունքը կարելի է համարել հանրապետության ամենածանրաբեռնված բաժանմունքներից մեկը: Մեր պացիենտներն են  սրտային և անոթային պաթոլոգիաներով հիվանդները:

Մեր բաժանմունքում իրականացվում է ժամանակակից  անոթային վիրաբուժության մեջ ընդունված բոլոր ծավալի վիրահատություններ: Զարկերակային համակարգում կատարում ենք վիրահատություններ՝ բոլոր տեսակի և տրամաչափի զարկերակների վրա, զարկերակների պլաստիկա, վերականգնողական ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, զարկերակների շունտավորումներ, պրոթեզավորումներ և այլն: Երակային համակարգում կատարում ենք վենեկտոմիաներ, մինի ֆլեբեկտոմիաներ, ներերակային լազերային  կոագուլացիա, սկլերոթերապիա, ֆոմ սկլերոթերապիա: Խորանիստ երակների սուր թրոմբոզների դեպքում տեղադրում ենք կավաֆիլտր, բուժում ենք տրոֆիկ խոցեր և այլն:

Ի՞նչ մասնագետներ են աշխատում բաժանմունքում:

Մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ունեցող և արտասահմանում բազմիցս վերապատրաստումներ անցած մասնագետներ՝ անոթային , սիրտ-անոթային վիրաբույժներ: Եվ կարևոր է, որ աշխատում են միջազգային չափանիշներին համապատասխան:

Նկատու՞մ եք արդյոք երակային և զարկերակային խնդիրներով հիվանդացությունների աճ: Ո՞ր խնդիրներով դիմելիությունն է մեծ:

Ասեմ, որ դիտվում է անոթային հիվանդությունների աճ: Դա  ցավոք բավականին լուրջ սոցիալ-տնտեսական խնդիր է: Դիտվում է զարկերակային խցանումների աճ,  որը հետևանք է աթերոսկլերոզ հիվանդության:  Ինչպես գիտենք արյան մեջ  խոլեստիրինի մակարդակի բարձացման հետևանքով ժամանակի ընթացքում ախտահարվում և խցանվում է զարկերակային համակարգը: Ցավոք  բավականին շատ են նաև հիվանդները երակային, տրոմբային բարդություններով:

Այսօր շատ են հիվանդները նաև շաքարային դիաբետի անոթային բարդություններով:

Ու՞մ են սպառնում երակային պաթոլոգիաներըՍա կապ ունի՞ մարդու կենսակերպի հետ:

Կարելի է ասել , որ դա ժամանակակից մարդու  հիմնական  խնդիրներից  մեկն է, ով քիչ է քայլում, գրասենյակային աշխատանքով է զբաղվում, նստակյաց կյանք է վարում կամ հարկադրված երկար կանգնած վիճակում է լինում, չի կատարում լիարժեք ֆիզիկական աշխատանք և այլն:

Ինչպե՞ս կարելի է խուսափելկանխարգելել նման խնդիրների առաջացումը:

Առաջին հերթին, խորհուրդ կտամ բոլորին վարել առողջ կենսակերպ՝ կատարել ֆիզիկական վարժություններ, զբաղվել սպորտով, հետևել սննդակարգին և որ ամենակարևորն է՝ չծխել: Կարևոր է պարբերաբար հետևել արյան ճնշմանը: Իսկ ինչ վերաբերում է երակային խնդիրներին՝ այս դեպքում ևս կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Եթե մարդու աշխատանքն այնպիսին է, որ ստիպված է երկար ժամանակ կանգնած կամ նստած լինել, ապա հարկավոր է ժամանակ առ ժամանակ կատարել թեթևակի վարժություններ՝ սրունքի մկաններն աշխատեցնելու համար, կամ կրել որակյալ կոմպրեսիոն գուլպաներ…

 

Բաժանմունքը զբաղվում է միայն վիրաբուժական թե՞ նաև բուժական գործունեությամբ:

Իհարկե, հիմնական ուղղությունը վիրաբուժությունն է՝ անոթային բոլոր խնդիրների հետ կապված, սակայն եթե հիվանդն ունի դեղորայքային բուժման կարիք, մեր անոթային վիրաբույժները և անոթաբանները զբաղվում են նաև այս հարցերով: Կատարվում են նաև դեղորայքային բուժումներ:

Ինչպե՞ս է բաժանմունքում իրականացվում առաջնային խորհրդատվությունը:

Մեր վիրաբույժները բնականաբար զրուցում են հիվանդի հետ, կատարվում է հիվանդի առաջնային զննում, հավաքվում է անամնեզ, լսում ենք հիվանդի գանգատները: Մեզ մոտ բոլոր պացիենտներն անխտիր անցնում են դուպլեքս հետազոտություն, անհրաժեշտության դեպքում՝ կատարվում են լաբորատոր և այլ գործիքային հետազոտություններ, դրվում  է հիվանդի ախտորոշումը, որից հետո հստակեցվում են մեր հետագա բուժական գործողությունները:

Ասեմ Ձեզ , որ  վերջերս  մեր բաժանմունքում էին Ֆրանսիայից ժամանած հինգ անոթային վիրաբույժներ, որոնք մեր բաժանմունքի վիրաբույժների հետ միասին կատարեցին բավականին մեծ քանակությամբ անվճար խորհրդատվություններ և ֆոմ սկլերոթերապիա , որն իրենից ներկայացնում է ցողունային սկլերոթերապիա՝ պարտադիր դուպլեքս հետազոտության ներքո:  Ակցիան բարեգործական էր, որը հնարավոր եղավ իրագործել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի և UMAF ֆրանսահայ բժիշկների միության համագործակցության  շնորհիվ:

 

Ո՞րը կլինի Ձեր ուղերձն ընթերցողին: Ինչպե՞ս խուսափել այս խնդիրներից և ի՞նչ անել խնդրի առկայության 

պարագայում:

Մեր բաժանմունքը պատրաստակամ է սպասարկել անոթային խնդրով ցանկացած հիվանդի՝ իրականացնել վիրահատություններ նորագույն տեխնոլոգիաներով:

Բոլորին մաղթում եմ առողջություն և հորդորում ապրել առողջ կենսակերպով, հնարավորինս խուսափել վատ սովորություններից և արտաքին վնասակար գործոններից՝ պահպանելու համար առողջությունը: Իսկ եթե ունեք խնդիր, սիրով պատրաստ ենք օգնել: