Հարցազրույց ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Իվան Աղաջանյանի հետ

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի բաժանմունքը ներկայացնում է բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Գերասիմի Աղաջանյանը:

Ի՞նչ գործունեություն է ծավալում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի բաժանմունքը: Գիտենք, որ այն հանդիսանում է նաև ԵՊԲՀ կլինիկական բազզա:

Այո, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը հանդիսանում է ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի կլինիկական բազզան: Այստեղ զբաղվում ենք ոչ միայն բուժական, վիրաբուժական և գիտական գործունեությամբ, այլ նաև ուսանողներին դասավանդելով և ռեզիդենտների պատրաստմամբ: Այժմ այս մասնագիտությամբ ուսումը տևում է 3 տարի, սակայն կարծում եմ, որ ճիշտ կլիներ այն հասցնել 5 տարվա: Մեր բաժանմունքում իրականացվում են նաև մարզային հիվանդանոցների բժիշկների և պոլիկլինիկան բժիշկների կարճատև վերապատրաստումներ: 

Որո՞նք են այսօր ուրոլոգիայում ամենամեծ տարածում ունեցող խնդիրները: Ո՞ր հիվանդացության դիմելիությունն է մեծ:

Գիտեք, մեր երկիրը սպեցիֆիկ է միզաքարային հիվանդությունների առումով: Սա կարելի է համարել ամենատարածված հիվանդություններից մեկը: Շատ են հիվանդները հաճախամիզության, դժվարամիզության խնդիրներով, շագանակաձև գեղձի բորբոքային, ուռուցքային հիվանդություններով, տրավմաների հետևանքով միզուկի վնասվածքի խնդիրներով և այլն… Կանանց մոտ անմիզապահության խնդիրը ևս մեծ տարածում ունի:

Ոլորտում նկատու՞մ եք արդյոք առաջընթաց ախտորոշման կամ բուժման տեսանկյունից:

Հիմա անհամեմատ ավելի դյուրին է դարձել ախտորոշումը: Երբ պետական մակարդակով պոլիկլինիկաներում խորհրդատվությունը դարձավ անվճար, ավելի շատ հիվանդներ սկսեցին դիմել բժշկի, իսկ նախկինում գուցե անտեսում էին խնդիրը կամ դրա լրջությունը: Հիմա շատացել է նաև զույգով դիմելիության թիվը՝ ամուսին և կին: Կոնսուլտացիաները երբեք կապված չեն եղել մեծ ծախսերի հետ, և հորդորում եմ բոլորին դիմել բժշկին որևէ անհանգստության պարագայում:

Որո՞նք են այսօր ուրոլոգիայի ոլորտի խնդիրները մեր հանրապետությունում: Մեզ մոտ բժշկության այս ճյուղը համապատասխանու՞մ է արդյոք միջազգային չափանիշներին՝ բժիշկների մասնագիտական որակների, տեխնիկական հագեցվածության առումով:

Այժմ՝ համացանցային այս դարաշրջանում , բժիշկներն առավել տեղեկացված են դարձել, հետևում են միջազգային նորություններին: Բացի դրանից, մենք Եվրոպայի ուրոլոգիական ասոցիացիայի անդամ ենք և այնտեղից ստանում ենք անհրաժեշտ գրականությունը, ուղեցույցները, տեսանյութերը, մասնակցում ենք ամենամյա համագումարներին, Հայաստանում ևս կազմակերպում ենք Ուրոլոգների ասոցիացիայի տարեկան ժողովները, մշտապես ունենքում ենք հյուրեր արտերկրից: Կարող եմ ասել, որ այս տեսանկյունից կապն ապահովված է: Իսկ տեխնիկական հագեցվածությունը, ցավոք, դեռ բավարար մակարդակի վրա չէ: Այսօր աշխարհում կատարելագործվում են էնդոսկոպիկ գործիքները, սարքավորումներ, որ վիրահատության ժամանակ ավելի քիչ են վնասում միզուղիները, տարածված են վիրահատության լազերային մեթոդները և այլն… Մենք իհարկե ունենք տեխնիկա, սակայն այն հարկավոր է կատարելագործել, համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Ամենամեծ խնդիրն այս ոլորտում ըստ իս այն է, որ Երևանի պետական բժշկական համալսարանը դեռևս չունի ուրոլոգիական համալսարանային կլինիկա: Սա յուրահատուկ դարբնոց կարող է լինել նոր և որակյալ մասնագետների պատրաստման համար: Հույս հայտնենք, որ մոտ ապագայում քայլեր կձեռնարկվեն այս բացթողումը շտկելու ուղղությամբ:

Կա՞ն վիրահատություններ, որ մեր երկրում չեն իրականացվում տեխնիկական պակասի պատճառով:

Ոչ, ուրախությամբ կարող եմ ասել, որ հայտնի բոլոր հիվանդությունների, խնդիրների լուծմամբ մենք զբաղվում ենք, այստեղ հարցը մոտեցումն է: Ուրոլոգիան աշխարհում շատ արագ է զարգանում: Մենք մեծ պոտենցիալ ունենք, 80-ական թվականներին առաջատար դիրքերում ենք եղել:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, մաղթում ենք առաջընթաց և նոր ձեռքբերումներ:

Հ.Գ.

Հիշեցնենք, որ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի բաժանմունքը ներկայացնում է հետևյալ ծառայությունները՝

  • արական սեռական և միզային օրգանների վերականգնողական վիրահատություններ,
  • էնդոսկոպիկ վիրահատական միջամտություններ,
  • ներմաշկային վիրահատական միջամտություններ,
  • լապարոսկոպիկ վիրաբուժություն,
  • նվազագույն ինվազիվ և ոչինվազիվ միջամտություն (սկլերոթերապիա, հեռակա քարաճեղքում),
  • ուրոլոգիական հիվանդությունների պահպանողական բուժում,
  • ամբուլատոր (արտահիվանդանոցային) վիրաբուժական միջամտություններ: